Մշտական հարց, որ պատասխան չունի. Մեսսի՞, թե՞ Ռոնալդու

19 Հուլիսի 2017 16:19
Մշտական հարց, որ պատասխան չունի. Մեսսի՞, թե՞ Ռոնալդու

Մեր օրերի լավագույն ֆուտբոլիստները` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, անընդհատ մրցակցում են, գերազանցում միմյանց ու դժվար է ասել, թե ով է նրանցից լավագույնը:

Ամբողջ աշխարհում անընդհատ հարցումներ են անցկացվում: Իրենց կարծիքներն են արտահայտում պատմության լավագույն ֆուտբոլիստները, վիճաբանում են «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի երկրպագուները: Ո՞վ է լավագույնը՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Պորտուգալացին անհաշիվ գոլեր է խփում, գերազանցում է նախորդ դարաշրջանի ռեկորդները: Իսկ հետո Մեսսին է գերազանցում Ռոնալդուի ռեկորդները, իսկ հետո Ռոնալդուն՝ Մեսսիինը, և այդպես շարունակ: Արդյունքում, բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական շարունակում է մնալ վերջին ֆուտբոլիստը, ով Մեսսիի և Ռոնալդուի հետ պայքարում կարողացել է նվաճել «Ոսկե գնդակ» մրցանակը (2007):

Մի պահ պատկերացրեք՝ «Ոսկե գնդակ»-ը չեն նվաճել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Դեյվիդ Բեքհեմը, Ռաուլը, Ալեսանդրո դել Պիերոն, Ֆրանչեսկո Տոտտին, Ջանլուիջի Բուֆոնը և այլք, իսկ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի առաջատարները 9 տարվա ընթացքում իրար հետ միասին 9 անգամ արժանացել են այդ մրցանակին և այդ ընթացքում ոչ ոքի չի հաջողվել գերազանցել նրանց: Մեսսին «Ոսկե գնդակ»-ը նվաճել է 5 անգամ, իսկ Ռոնալդուն՝ 4:

Այսօր մենք կփորձենք պարզել, թե նրանցից ով է 2016/17 մրցաշրջանում ավելի լավ խաղացել և եղել լավագույնը: Մեսսի-Ռոնալդու դիմակայության հաղթողին որոշելու համար կլինի համակարգ, որը բաղկացած է 4 փուլից: Այնտեղ կլինեն ֆուտբոլիստի՝ տվյալ դիրքի համար ամենագլխավոր չափանիշերը, նվաճած թիմային և անհատական մրցանակները: Դրանցից յուրաքանչյուրի արդյունքներով տվյալ փուլի հաղթողին կտրվի մեկ միավոր: Վերջում կհաշվենք միավորները և կորոշենք հաղթողին: Վիճակագրության մեջ են մտնում ներքին առաջնությունն ու եվրագավաթները:

Անցկացրած հանդիպումներ

Ռոնալդու՝ 42 խաղ, խաղադաշտում անցկացրել է 3744 րոպե

Մեսսի՝ 41 խաղ, խաղադաշտում անցկացրել է 3644 րոպե

1. Արդյունավետությունը հարձակման գծում

Իհարկե, երկրորդ հարկի մենապայքարում Մեսսիին իր հասակի պատճառով սխալ կլինի համեմատել Ռոնալդուի հետ: Պորտուգալացին ավելի քիչ է կորցնում գնդակը, բայց դա կարելի է բացատրել նրանով, որ Մեսսին 3 անգամ ավելի շատ է դրիբլինգ կատարում, ինչը, բնականաբար, մեծացնում է գնդակը կորցնելու հավանականությունը: Ռոնալդուն Իսպանիայի 2016/17 առաջնության լավագույն ֆուտբոլիստը չէր: «Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր թիմի հարձակվողի ուժերը խնայում էր գերակումբների հետ կարևոր հանդիպումների համար և Պրիմերայի հետնապահների դեմ խաղերում նրան հանգստանալու հնարավորություն էր տալիս: Ռոնալդուն հետո խոստովանեց, որ, իսկապես, ուժերը խնայում էր մրցաշրջանի վերջնամասի համար:

«Արքայական» ակումբի առաջատարը դարձավ Չեմպիոնների լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Դրա վառ ապացույցը փլեյ-օֆֆ փուլի կարևորագույն դիմակայություններում նրա ցուցադրած խաղն է՝ սկսած կիսաեզրափակչում «Բավարիա»-ի դեմ երկու խաղերից, որոնցում նա դարձավ 5 գոլի հեղինակ, վերջացրած «Յուվենթուս»-ի դեմ եզրափակիչ խաղով: Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում հատեց 100 գոլի սահմանը:

Իսկ ահա Մեսսին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: Բացի այդ, նա «Ատլետիկո»-ի դեմ երկու խաղերի հաղթական գոլերն էր խփել և աչքի ընկել «Էլ Կլասիկո»-ում: «Ռեալ»-ի դարպասն ուղարկած հաղթական գնդակը 30-ամյա խաղացողի կարծիքով իր կարիերայի լավագույն գոլերից է: Իհարկե, անվիճելի փաստ է, որ վերջին «Էլ Կլասիկո»-ում Մեսսի-Ռոնալդու դիմակայությունում հաղթեց արգենտինացին: «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի համար խփած գնդակն իր կարիերայի 500-րդ՝ հոբելյանական գոլն էր: Ճիշտ է՝ այդ խաղը «կապտանռնագույններ»-ին Իսպանիայի առաջնությունում հաղթանակ չպարգևեց, բայց, այնուամենայնիվ, մեծ ուրախություն պատճառեց «Բարսելոնա»-ի երկրպագուներին:

Լեոն փայլեց մրցաշրջանի մեծ մասում: Սակայն Ռոնալդուն ամենավճռորոշ պահերին՝ մրցաշրջանի վերջին երկու ամսում, իր ցուցադրած արդյունավետ խաղով ստիպեց մոռանալ «Բարսելոնա»-ի 10 համարի՝ տուգանայինից խփած հիանալի գոլերը:

Ֆուտբոլում տարիներ հետո ավելի շատ արդյունքն են հիշում, քան գոլերը: Օրինակ, Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ի հաղթանակից հետո քչերն էին հիշում, որ «Բարսելոնա»-ն ՉԼ-ի 1/8 եզրափակչում 6:1 հաշվով հաղթանակ էր տարել «ՊՍԺ»-ի նկատմամբ և հաջողության հասել «Էլ Կլասիկո»-ում:

Ինչ վերաբերում է ընդհանուր անհատական խաղին, ապա Մեսսին ավելի ճշգրիտ հարվածներ է կատարել: Բացի այդ, նա շատ հաճախ է մրցակցից խլում գնդակը: Այդ արդյունքով նա գերազանցում է այս դիմակայությունում իր մրցակցին: Սակայն վերջին փաստը չպետք է ոչ ոքի զարմացնի, քանի որ արգենտինացին տուգանային հրապարակին ավելի մոտ է գործում, թիմակիցներին օգնում է հակառակորդ թիմի ֆուտբոլիստներից խլել գնդակը, միչդեռ Ռոնալդուն մրցակցի դարպասի մոտ խաղընկերների փոխանցմանն է սպասում: Արդյունքում, Մեսսիի օգտակար գործողության գործակիցն այս փուլում ավելի բարձր է, քան պորտուգալացունը:

Վերը նշված փաստերն ու վիճակագրությունը հաշվի առնելով՝ այս փուլում հաղթում է Մեսսին և վաստակում մեկ միավոր:

2. Խաղը փոխանցումներով

Այստեղ «Ռեալ»-ի առաջատարը կարճ և երկար փոխանցումների ճշգրտության ավելի բարձր տոկոս ունի: Սակայն այդ փոխանցումների քանակը նրա մոտ շատ ավելի քիչ է, քան արգենտինացու: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարն իր թիմում ավելի շատ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դերն է կատարում: Սակայն հետաքրքիրն այն է, որ նրա ուժերը բավականացնում են ոչ միայն խաղընկերների համար պահեր ստեղծելու, այլև այդ նույն պահերի իրացման համար: Հենց դրանում է կայանում Արգենտինայի հավաքականի ավագի յուրահատկությունը, ով ամենուր վտանգավոր է՝ թե՛ խաղադաշտի կենտրոնում, և թե՛ տուգանային հրապարակում:

Երբ «Բարսելոնա»-ի առաջատարին շրջափակում է մրցակից թիմի երեք ֆուտբոլիստ, նա չի փորձում բոլորին շրջանցել: Դրա փոխարեն արգենտինացին խաղադաշտը տեսնելու իր ունակության շնորհիվ փոխանցում է կատարում այն խաղընկերոջը, ով տվյալ պահին ավելի շահեկան և նպատակահարմար դիրքում է: 2016/17 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին նա 19 գոլային փոխանցում է կատարել:

Այս փուլում հաղթանակին Ռոնալդուն կարող էր հավակնել, եթե 2006-2010 թվականների իր խաղաոճով գործեր, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում իր արագության շնորհիվ շրջանցում էր մրցակցի պաշտպաններին և փոխանցում կատարում տուգանային հրապարակ: Սակայն Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնն իր կարիերայի ընթացքում ասիստենտից աստիճանաբար վերափոխվեց ռմբարկուի, և հիմա նա գոլային հոտառություն ունեցող դասական կենտրոնական հարձակվող է:

Այստեղ ճաշակի հարց է՝ մեկին դուր է գալիս, երբ ֆուտբոլիստը բոլոր մրցակիցներին անցնում է և փոխանցում է կատարում, իսկ մյուսը նախապատվությունը տալիս է այն խաղացողին, ով աչքի է ընկնում ռմբարկուական հատկանիշներով:

Այս փուլի մեկ միավորը ևս տրվում է Մեսսիին և արգենտինացին արդեն 2:0 հաշվով է հաղթում Ռոնալդուին:

3. Խաղը պաշտպանությունում

Ռոնալդուի ֆիզիկական տվյալները «Ռեալ»-ի համար օգտակար են ոչ միայն թիմի գրոհների, այլև մրցակիցների իրացրած ստանդարտների, իսկ ավելի կոնկրետ՝ անկյունային խաղարկությունների և տուգանային հարվածների ժամանակ:

Ռոնալդուն հանդիպման մեծ մասում հիմնականում գործում է մրցակցի տուգանային հրապարակում, բայց նա հիանալի հասկանում է, թե երբ է թիմի պաշտպանությանն օգնություն անհրաժեշտ: Մրցակցի իրացրած ստանդարտների ժամանակ նրա ֆիզիկական տվյալները, իսկ ավելի կոնկրետ՝ հասակը օգնում է «սերուցքայիններ»-ին ավելի լավ պաշտպանվել: 2016 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը հասակից և բարձր ցատկերից բացի նաև հիանալի արագություն և ռեակցիա ունի: Դա 32-ամյա հարձակվողին օգնում է մրցակցի փոխանցումների ժամանակ խլել գնդակը կամ հարվածի պահերին մարմնով փակել գնդակի ճանապարհը:

Նշված ցուցանիշերը պորտուգալացուն թույլ են տալիս հաղթել այս փուլում: Մեսսի - Ռոնալդու՝ 2:1:

4. Տիտղոսներ և մրցանակներ

2016/17 մրցաշրջանի մեկնարկում Ռոնալդուն արդեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր էր: Ճիշտ է՝ Եվրո-2016-ում ստացած վնասվածքի պատճառով նա չէր մասնակցել «Սևիլիա»-ի դեմ այդ հանդիպմանը: Օգոստոսի վերջին պորտուգալացին արժանացավ Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Մեսսին էլ «Բարսելոնա»-ին օգնեց հաղթել «Սևիլիա»-ի դեմ երկու խաղում և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը:

Դեկտեմբերին Ռոնալդուն «Ռեալ»-ի հետ դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, ինչպես նաև մրցաշարի լավագույն ռմբարկու և ֆուտբոլիստ ճանաչվեց: Դրանից հետո նա «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում գերազանցեց Մեսսիին և «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին՝ France Football-ի կողմից արժանանալով այդ բաղձալի մրցանակին:

Դե իսկ հունվարին պորտուգալացին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում ձայների 34,54 տոկոսը հավաքեց և հերթական մրցանակը նվաճեց՝ կրկին գերազանցելով Մեսսիին ու Գրիզմանին, ովքեր համապատասխանաբար 26,42 և 7,53 տոկոս ձայներ էին ստացել: Եթե Մեսսին միայն Իսպանիայի գավաթը նվաճեց, ապա Ռոնալդուն հաղթեց Պրիմերայում և Չեմպիոնների լիգայում, ինչն ավելացրեց 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում հաղթելու իր շանսերը:

«Յուվենթուս»-ի դեմ եզրափակիչ խաղում ձևակերպած դուբլը Ռոնալդուին օգնեց մրցաշարում խփած գնդակների թվով շրջանցել Մեսսիին և 12 գոլով Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ռմբարկու դառնալ:

Դե իսկ Մեսսին էլ 37 գոլով Լա Լիգայի 2016/17 առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց: Ռոնալդուն 25 գոլով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Կարծում ենք՝ ձեզ մոտ ևս կասկած չկա, որ տիտղոսների և մրցանակների քանակով հաղթողն այս փուլում Ռոնալդուն է:

Ընդհանուր հաշիվը՝ 2:2:

Տարիների ազդեցությունը՝ խաղային դիրքի փոփոխության վրա

Ժամանակի ընթացքում այս երկու ֆուտբոլիստներն էլ փոխեցին իրենց խաղային դիրքերը, խաղաոճերն ու ավելի ունիվերսալ դարձան:

Ֆրանկ Ռայկարդի և Խոսեպ Գվարդիոլայի օրոք Մեսսին խաղում էր եզրային հարձակվողի դիրքում: Այդպիսով, նա նաև կատարում էր թիմի ասիստենտի պարտավորությունները:

Տիտո Վիլանովայի և Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ Լեոն սկսեց հարձակման սուր գծում խաղալ: Դա նաև կապված էր այն փաստի հետ, որ այդ տարիներին կատալոնացիները չունեին համաշխարհային կարգի կենտրոնական հարձակվող:

Ընդգծված հարձակվողի դիրք տեղափոխվելուց հետո Մեսսին սկսեց ավելի շատ գոլ խփել: Օրացույցային 2012 թվականի ընթացքում Մեսսին դարձավ 91 գոլի հեղինակ և գերազանցեց գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը, ով 1972 թվականի ընթացքում 85 գոլ էր խփել:

Սակայն երբ Լուիս Էնրիկեն գլխավորեց «Բարսելոնա»-ն և կատալոնական ակումբը պայմանագիր կնքեց Լուիս Սուարեսի հետ, Մեսսին սկսեց իր նախկին դիրքում խաղալ: «Բարսելոնա»-ի կիսապաշտպանության հենասյան՝ Չավիի հեռանալուց հետո «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպանությունում անընդհատ խնդիրներ էին ծագում: Անդրես Ինիեստան արդեն 33 տարեկան է և չունի նախկին արագությունը: Այդ պատճառով Մեսսին սկսեց փոքր-ինչ ետ քաշվել և ավելի խորքից խաղալ, որպեսզի օգնի թիմի կիսապաշտպանությանն ու գնդակը հասցնի հարձակվողներին: Նա ավելի կատարելագործեց իր խաղը՝ շարունակելով և՛ գոլեր խփել, և՛ գոլային փոխանցումներ կատարել:

Դե իսկ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ փոքր-ինչ կախվածություն ունի խաղընկերներից: Սակայն դա էլ է հասկանալի, քանի որ պորտուգալացին արդեն 32 տարեկան է և միայնակ չի կարող նախկինի պես բոլորին շրջանցել: Նա դա շատ լավ հասկացավ և ճիշտ ժամանակին փոխեց իր խաղաոճը:

Հիմա Կրիշտիանուն ամբողջ խաղի ընթացքում կարող է ակտիվ չլինել, չվազել, բայց մեկ ակնթարթում ոտքի և գլխի շեշտակի հարվածների շնորհիվ դառնալ գոլի հեղինակ և վճռել հանդիպման ելքը:

Հատկանշական է նաև, որ Ռոնալդուն 2016/17 մրցաշրջանում սկսեց անհատական խաղի փոխարեն ավելի շատ փոխանցումներին ուշադրություն դարձնել: Միգուցե, դա կապված է նրա արագության նվազման հետ: Ռոնալդուն հանդիպման ընթացքում անընդհատ խաղադաշտում տեղաշարժվում է ձախ եզրից դեպի աջ եզրն ու կենտրոն, և իր սուր՝ մրցակցի պաշտպանությունը ճեղքող փոխանցումներով մեկ անգամ չէ, որ խաղընկերներին դարպասապահի դեմ մեն-մենակ է դուրս բերել: Բայց, իհարկե, մադրիդցիների 7 համարն ավելի շատ աչքի է ընկնում ռմբարկուական արդյունավետությամբ:

Ամփոփում

«Բարսելոնա»-ի երկրպագուները կշարունակեն պնդել, որ լավագույնը Մեսսին է, իսկ մադրիդիստները կպաշտպանեն Ռոնալդուին: Դե իսկ արգենտինացին և պորտուգալացին կշարունակեն ռեկորդներ գերազանցել և «Ոսկե գնդակ»-ներ նվաճել:

Միգուցե, եթե նրանք չխաղային միևնույն դարաշրջանում և առաջնությունում, չլինեին մրցակից-ակումբների կազմերում, ապա այսքան արդյունավետ չլինեին ու այսչափ շատ տիտղոսներ և մրցանակներ չնվաճեին: Նշված հանգամանքները, միմյանց հերթական ռեկորդներն ու հաջողությունները նրանցից երկուսին էլ մոտիվացնում են կանգ չառնել, շարունակել աշխատել ու կատարելագործվել:

Անգամ Չավին է ասել, որ եթե չլիներ Ռոնալդուն, ապա Մեսսին այսքան լավը չէր լինի: Իսկապես, Մեսսին մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, ով անգամ խաղադաշտում քայլելով կարող է գեղեցիկ գոլեր խփել և պատմություն կերտել, իսկ Ռոնալդուն՝ աշխատասիրություն և նպատակասլացություն ունեցող մարդու ամենավառ օրինակն է, ով ինքն է իրեն այնպիսին դարձրել, ինչպիսին հիմա մենք նրան ճանաչում ենք: Նա խաղ առ խաղ ավելացնում է և ցույց տալիս, որ պարտադիր չէ տաղանդ ունենալ, որպեսզի լինել լավագույններից մեկը կամ, ինչու ոչ, լավագույնը:

Մենք դեմ չենք, որ Մեսսի-Ռոնալդու հարատեվ դիմակայության հաղթողն անորոշ մնա, միայն թե նրանք մեզ շարունակեն ուրախացնել իրենց ցուցադրած խաղով և հաճելի էմոցիաներ պարգևեն: Շատերի կարծիքով՝ նրանք պատմության լավագույն ֆուտբոլիստներն են: Իսկ մենք ուղղակի պետք է ուրախ լինենք, որ ապրում ենք նման ֆանտաստիկ ֆուտբոլիստների դարաշրջանում և այս ամենի ականատեսն ենք:

Վերջում ներկայացնում ենք 2016/17 մրցաշրջանում նրանց մասնակցությամբ լավագույն դրվագներից և գոլերից կազմված երկու տեսանյութ:

Հովիկ Բերոյան

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: