«Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա». կիսաեզրափակիչ, որն ավելի շատ եզրափակիչ է հիշեցնում

01 Փետրվարի 2017 20:25
«Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա». կիսաեզրափակիչ, որն ավելի շատ եզրափակիչ է հիշեցնում

Այսօր երեկոյան Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կկայանա Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ատլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի դիմակայության առաջին հանդիպումը: Հերթական անգամ իրար դեմ դուրս կգան Դիեգո Սիմեոնեի և Լուիս Էնրիկեի սաները, սակայն այսօր կայանալիք հանդիպումը տարբերվում է մինչ այս կայացած գրեթե բոլոր խաղերից: 

Քառորդ եզրափակչում «Ռեալ»-ի ձախողումից հետո Արքայական գավաթի խաղարկության ֆավորիտների թիվը պակասեց մեկով՝ ակտիվ պայքարում թողնելով Մադրիդը ներկայացնող «Ատլետիկո»-ին և հակառակ բևեռը ներկայացնող «Բարսելոնա»-ին: Գործնականում հենց այս զույգի հաղթողը կդառնա Արքայական գավաթին տիրանալու հիմնական հավակնորդը, քանզի «Սելտա»-ին դժվար թե հաջողվի եզրափակչում կրկնել այն հերոսությունը, որն ակումբն իրագործեց քառորդ եզրափակչում՝ պայքարից դուրս թողնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին՝ «արքայական ակումբ»-ին: Շատերը «Ռեալ»-ի դուրս մնալը համարում են «Սելտա»-ի համառ պայքարի արդյունքը, սակայն թե՜ Զինեդին Զիդանի, թե՜ «Ռեալ»-ի ֆուտբոլիստների համար ակնհայտ է, որ պատկերը լիովին այլ կլիներ, եթե «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում «Ռեալ»-ը ոչ թե խաղադաշտ դուրս գար հաղթողի կարգավիճակում, այլ «Սելտա»-ին համարեր արժանի մրցակից և թույլ չտար Զիդանի բնորոշմամբ այն «մանկական սխալ»-ները, որոնք գործեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները:

Ու՞մ համար է ճակատագրական այս հանդիպումը

Այսօր երեկոյան կայանալիք հանդիպումը կարելի է ճակատագրական որակել մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար: Եթե բարսելոնյան հրեշը կարող է այսօր իրեն նույնիսկ որոշակի սխալներ թույլ տալ, ապա «Ատլետիկո»-ն դրա իրավունքը պարզապես չունի՝ նկատի ունենալով «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպման փաստը: Այս ամենը շատ լավ հասկանում է Դիեգո Սիմեոնեն, ով հստակ առաջադրանք է դրել իր սաների առջև՝ ամեն գնով հաղթանակ կորզել «Բարսելոնա»-ից: 

Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ձախողվելու դեպքում «Ատլետիկո»-ն կարող է զրկվել նույնիսկ գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկո»-ն ներկա պահին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, և Սիմեոնեն քաջ գիտակցում է, որ այսօր «Բարսելոնա»-ին պարտվելու դեպքում` Լա Լիգայում ևս իր սաների ելույթներն ավելի անվստահ կդառնան, ինչից կկարողանան օգտվել «Ռեալ Սոսյեդադ»-ը, «Վիլյառեալ»-ը և «Ատլետիկ Բիլբաո»-ն, որոնք միայն մի քանի միավորով են զիջում Սիմեոնեի թիմին, սակայն «Բարսելոնա»-ի արգելքը հաղթահարելու դեպքում` մադրիդյան ակումբը կկարողանա լուրջ հավակնություններ ներկայացնել նաև Իսպանիայի առաջնությունում:

ՈՒ՞մ խաղին է պետք հետևել

Չնայած այն փաստին, որ «Բարսելոնա»-ն Մադրիդ է ժամանել մեծ կորուստներով, կատալոնական ակումբի կազմում այսօր խաղադաշտ դուրս կգա Լուիս Սուարեսն, ով գերֆանտաստիկ մարզավիճակում է մոտեցել այս հանդիպմանը: Ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում Սուարեսը 21 գոլ է հեղինակել և բազմաթիվ արդյունավետ փոխանցումների հեղինակ է դարձել: Եթե «Ատլետիկո»-ի պաշտպանները որոշեն նույնիսկ մի քանի վայրկյանով վերահսկողությունից դուրս թողնել Սուարեսին, ապա ուրուգվայցուն երկար ժամանակ չի պահանջվի մրցակցին պատժելու համար: Եթե այս փաստին գումարենք նաև Մեսսիի ու Նեյմարի ներկայությունն, ապա իրավիճակը կարող է անհուսալի թվալ «Ատլետիկո»-ի երկրպագուների համար:

suarez.jpg

Ի՞նչ մարզավիճակում են թիմերը մոտենում հանդիպմանը

Այստեղ ևս վիճակագրությունը չի խոսում «Ատլետիկո»-ի առավելության մասին: Վերջին 6 հանդիպումներում Դիեգո Սիմեոնեի սաներին հաջողվել է միայն 2 հաղթանակ տոնել: Մնացյալ 4 խաղերում «Ատլետիկո»-ն կրել է 1 պարտություն և 3 խաղ ավարտել ոչ-ոքի հաշվով:

Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ին, ապա Լուիս Էնրիկեի սաները կարելի է ասել կատարյալ մարզավիճակում են ժամանել Մադրիդ: «Բարսա»-ն վերջին 6 խաղերում տոնել է 5 հաղթանակ և 1 խաղ ավարտել ոչ-ոքի հաշվով:

Ինչի՞ց կկարողանա օգտվել «Ատլետիկո»-ն

«Ատլետիկո»-ի համար «Բարսելոնա»-ի հետ խաղում հաղթանակ տոնելու միակ հույսը կարող է լինել կատալոնական ակումբի կիսապաշտպանական գծում ստեղծված անորոշ իրավիճակը: Վնասվածքների պատճառով Մադրիդ չեն ժամանել «Բարսելոնա»-ի խաղային փիլիսոփայության հենասյուներ համարվող Սերխիո Բուսկետսն ու Անդրես Ինիեստան, որոնց, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն Խավիեր Մասկերանոն և Անդրե Գոմեսը: Այս պարագայում «Ատլետիկո»-ն պետք է անի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա «Բարսելոնա»-ին դառնալ արագ գոլի հեղինակ, հակառակ դեպքում՝ նույնիսկ Բուսկետսի և Ինիեստայի բացակայությունը չի փրկի Սիմեոնեի թիմին ջախջախիչ պարտությունից:

Թիմերի նախնական մեկնարկային կազմերը՝

Como una final anticipada en el Calderón

 

ԵՎ վերջում հարկ ենք համարում հիշեցնել մեր ընթերցողներին, որ «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Հայաստանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հեղինակ՝ Վահե Աղաջանյան

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: