Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ. Նիկշա Բավցևիչ

12 Օգոստոսի 2017 14:05
Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ. Նիկշա Բավցևիչ

Օգոստոսի 12-ին կայանալիք ԱԱ2019-ի նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել առաջիկա խաղի վերաբերյալ:

«Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ 4-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ։

Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ Երևանում։ Հավասար կազմ ունեն, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։

Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել և խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը և նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է խաղին։

Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք և առավելագույնս կենտրոնացած գործենք»,- Նիկշա Բավցևիչի խոսքերն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենա»-ում և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: