Չկա ֆուտբոլ՝ չկամ ես. ֆուտբոլ եմ խաղում, որ ապրեմ

27 Հունիսի 2017 21:02 Հեղինակ՝
Չկա ֆուտբոլ՝ չկամ ես. ֆուտբոլ եմ խաղում, որ ապրեմ

Բարև... Էս իմ առաջին փորձն ա՝ կիսվելու իմ մտքերով ֆուտբոլի, առհասարակ՝ սպորտի մասին և նրա շուրջ պտտվող թեմաներից խոսելու։ Խիստ չդատեք, չնայած՝ դատեք... :) (հայերեն սմայլիկ ոնց ա՞)։ Լավ, իսկ հիմա լուրջ...

Ուզում էի առաջին թեմայում մի փոքր պատմել իմ անցած ուղու մասին, թե ոնց ստացվեց, որ ֆուտբոլիստ դարձա և ուր հասցրեց ինձ այդ խենթ խաղը։ Իմ մասին պատմելը չընկալեք՝ որպես եսասիրության դրս ևորում, միտքս մեկն է. ճանաչելով իմ անցած ուղին՝ ավելի հեշտ կլինի ինձ հասկանալ։ Ապագայում ֆուտբոլային թեմաների մասին խոսելուց ավելի հեշտ կլինի ընկալել իմ մտքերը։

Հիմա անցնենք բուն թեմային...

Ես ծնվել-մեծացել եմ սպորտային ընտանիքում։ Հորական պապս Հունաստանում ապրելու տարիներին (նա այնտեղ Ցեղասպանությունից հետո էր հայտնվել) խաղացել է ԱԻԿ ակումբում։Իսկ հետո Հայաստան վերադառնալուց և ընտանիք հիմնելուց հետո սպորտային միջավայրում է մեծացրել իր երեխաներին։ Միջնեկ հորեղբայրս և նրա որդին՝ Ասքանազ Փաչաջյանը, ամեն մեկը իր ժամանակահատվածում ֆուտբոլիստներ են եղել և շատ տաղանդավոր էին։ Իսկ հայրս, առհասարակ, սպորտային մարդ է և տարբեր սպորտաձևերով է զբաղվել։ Ահա այդ ամենը ազդեցություն է թողել իմ ընտրության վրա։ ՈՒ հետո ևս մի հանգամանք. ես մեծացել եմ Մալաթիայի սպորտի դպրոցի (այժմ Բանանց ակումբն է տեղակայված այդ մասում) հարևանությամբ, և դա նույնպես լրացուցիչ պատճառ էր ֆուտբոլիստ դառանալու համար։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ 90-ականների երեխան՝ որպես խաղ, բացի գնդակի հետևից վազելուց և 7 քար խաղալուց այլ հետաքրքրություն չուներ, հետևաբար շատ ավելի պարզ կդառանա իմ ընտրության տրամաբանությունը։ Իսկ վերջում՝ անսպառ սեր այդ խաղի նկատմամբ, մանավանդ, որ սկսեցի շարունակաբար մարզվել։

Երբեք չեմ մոռանա իմ առաջին մարզումն ու իմ առաջին մարզչին՝ Ռոբերտ Մուրադյանին։ Ես այնքան էի ոգևորված, որ անհամբերությունից տան ժամը մեկ ժամ առաջ էի տվել, որպեսզի շուտ դուրս գնամ մարզման... Ես 7 տարեկան էի։ Հետո ամեն ինչ կայծակնային անցավ։ Մարզումներ քարերի ու փոշու մեջ, շատ մեծ մրցակցություն, տարբեր թիմերի հետ խաղեր, տարբեր տարիքային խմբեր։ Երևի 14 տարեկան էի, երբ առաջին անգամ լուրջ վիճեցի հորս հետ այդ առումով: Նա դեմ էր, որ ֆուտբոլիստ դառանայի, քանզի համարում էր, որ անհատական սպորտում շատ ավելի մեծ հաջողությունների կհասնեի։ Բայց կյանքումս չեմ մոռանա այդ պահը, երբ հավաքեցի աշխարհում բոլոր գերբնական ուժերը և հորս դեմքին նայելով՝ (այլ հարցերով կյանքում «դուխս» չէր հերիքի նման հանդգնության) ասացի, որ ոչ ոք և ոչինչ ինձ հետ չի պահի ֆուտբոլ խաղալուց։

Հետո անցան տարիներ... Նոր մարզիչներ... Անդրեասյան, Պավել Փաչաջան (հորեղբայրս), Ազատ Մանգասարյան և վերջապես առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս «Կոտայք» ՖԱ-ի հետ։

Նոր քայլ էր ու ամեն ինչ շատ լուրջ էր... Հասկացա, որ ընկել եմ նոր միջավայր, չնայած` իմ խաղընկերներից շատերը հետս էին, բայց, միևնույնն է, հսկայական մրցակցություն կար։ Մոտ 40-45 ֆուտբոլիստներ էին պայքարում ակումբում տեղ գտնելու համար... Ինձ մոտ ստացվեց։ Սկսեցի խաղալ «Կոտայք»-ում, Հայաստանի առաջին խմբում հանդես եկանք առաջին տարին։ 17-18 տարեկան երիտասարդներով զբաղեցքրինք 4-րդ տեղը, որը 10, թե 12 ակումբի մեջ վատ չէր։ Սկսեցին հրավիրել 16 տարեկանների հավաքական։ Մեր այդ տարիքայինների առաջին մրցաշարը ձախողվեց։ 3 խաղ պարտվեցինք ու լավ դաս քաղեցինք՝ վերադառնալով Հայաստան։

Վերադառնալով ակումբ իմացանք, որ ակումբը խնդրել է ֆեդերացիային՝ իրավունք տալ հանդես գալ բարձրագույն խմբում... Թույլատրեցին... ՈՒ հենց այդ տարի ես թնդացրի Հայաստանի ֆուտբոլային երկնակամարը՝ խփելով կարիերայիս լավագույն գոլը «Միկա»-ի դարպասը։

Եվ ինձ համար առաջնության ընթացքում մեծ հարց լուծեցի... Մարզիչների հետ կոնֆլիկտ ունեի, որոնք ինձ հենակետային կիսապաշտպանի դիրքում էին խաղացնում։ Վատ չէր ստացվում։ Բայց ես տանել չեմ կարողանում պաշտպանվել։ Ես էությամբ հարձակվող եմ՝ եզրային հարձակվող։ Ես ֆուտբոլը արագության տակ անցումներով և դրիբլինգով եմ պատկերացնում, հետևաբար իմ խաղով ստիպեցի, որ ինձ տեղափոխեն այն դիրք, որի համար ի սկզբանե ֆուտբոլ եմ խաղացել։ Աջ հարձակվողական կիսապաշտպանի գոտի։ Ես այդ տարի 5 գոլ խփեցի... Դրանցից մեկը՝ «Փյունիկ»-ին։ Ինձնով սկսեցին հետաքրքրվել, և հաջորդ տարի հայտնվեցի «Զվարթնոց»-ում, որը արծաթե մեդալակիրն էր և պետք է հանդես գար ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Դա իմ առաջին միջազգային փորձն էր լինելու Եվրագավթներում։

Իսկ մրցաշրջանն ինձ համար լավ էր անցնում։ Կայուն խաղում էի ու էլի «Փյունիկ»-ին գոլ խփում։ Հետո՝ «Շիրակ»-ին, հետո՝ ևս մի երկուսը... Հատկապես չեմ մոռանա «Շիրակ»-ին խփածս գոլը... Դա մի փոքր «վրեժ» էր, որ այն ժամանակվա «Շիրակ»-ի և երիտասարդական հավաքականի մարզիչ Ադամյանը ինձ չընդգրկեց երիտասարդականի կազմում։ Հետո հիշում եմ «Արարատ»-ին՝ դարպասային գծի վրայից, սուր անկյան տակ խփածս ֆանտաստիկ գոլը, որն անարդարացիորեն չհաշվեցին։

Այդպես անցավ այդ մրցաշրջանը... «Զվարթնոց»-ն առանձնապես աչքի չընկավ, որովհետև ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ և շատ անկայուն էր։ ՈՒ տարվա վերջում՝ լուծարվեց։ Իսկ ես հայտնվեցի որտե՞ղ... Գոլերը հիշու՞մ եք... Այո՛, «Փյունիկ»-ում... «Փյունիկ»-ում, որտեղ կենտրոնացած էր Հայաստանի ֆուտբոլային պոտենցիալի 90%-ը, չնայած նրան, որ շատ մրցունակ թիմեր կային այդ ժամանակ։ Ինձ համար շատ բարդ էր «Փյունիկ»-ի հիմնական կազմում խաղալ։ Սկզբում այդպես էր... Երբ գալիս ես մի ակումբ, որտեղի դպրոցի սաներն էին Էդգար Մանուչարյանն ու Ժորա Հովհանիսյանը, որտեղ 10-12 լեգեոներ կա և մարզիչն էլ արտասահմանցի է, ապա, հավատացե՛ք, ահավոր բարդ է մի երիտասարդի համար, ով դեռ մեծ ֆուտբոլի հետ այդքան էլ «լավ» չէ։ Բայց ես ինձ կգովեմ մի փոքր։ Ես ուժեղ էի նախ՝ հոգեպես: Ես պայքարում էի, ամեն քայլափոխի։ Ով պետք է զբաղեցներ իմ տեղը, հավատացե՛ք, պետք է շաաատ լավը լիներ, այլապես «բմբուլները» քամուն կտայի։ Ես այնքան էլ տեխնիկապես ուժեղ չէի, իմ առավելությունները պայքարելն ու արագությունն էին, որոնք շատ լավ օգտագործում էի։ Եվ հաղթեցի՛։ Գտա՛ իմ տեղը։ Ստոյկիցան սկսեց ինձ հիմնական կազմում խաղացնել։ Այդ տարին հրաշալի ստացվեց ինձ համար։ Գոլ՝ Չեմպիոնների Լիգաի առաջին խաղում։ Երբ լեփ-լեցուն Հանրապետականը (չշփոթել կուսակցության հետ) քո անունն է գոռում, դա հրաշք է...

13 գոլ խփեցի 2003-ին՝ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի հետ մեկտեղ դառնալով թիմի լավագույն ռմբարկու։ Դա ինձ համար ցուցանիշ էր... Մենք չեմպիոն հռչակվեցինք։ Հետո դա սովորական դարձավ... 5 տարի անընդմեջ։ 2004-ից Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու դարձա։ Դա մի այլ մակարդակ էր... Հարություն Վարդանյան, Արմեն Շահգելդյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Պետրոսյան, Բերեզովսկի, Համլետ Մխիթարյան, Քարամյան եղբայներ... Տարիները շուտ անցան... Եկավ 2006-ը... Եկավ Յան Պորտերֆիլդը... Մարդը, ով թե՛ իմ, թե՛ հայկական ֆուտբոլի համար շրջադարձային էր։ Մարդ, ով սովորեցրեց չվախենալ... Առհասարա՛կ, ոչ միայն ֆուտբոլում։ Մի այլ առիթով մի ամբողջ նյութ կգրեմ նրա մասին։ Հավաքականը նրա օրոք ձևափոխվեց։ Սկսեց միավորներ վաստակել... Հաղթեց Լեհաստանին։ Դա ֆանտաստիկայի ժանրից էր։ Այդ օրը բոլորս ենք հիշում։ Հետո գնաց Յանը... Գնաց՝ իր իսկ սովորացրած ձևով... Պայքարելով... Դա 2007-ին էր... Դա իմ լավագույն տարին էր ֆուտբոլում...

Տարվա վերջն էր, և սովորության համաձայն հավաքվել էինք ռեստորանում՝ նշելու լավագույններին։ Հիշում եմ՝ ռեստորանի մուտքի մոտ ինձ մոտեցավ Խաչիկ Չախոյանը (լրագրող և մեկնաբան): Ես շտապեցի բարևեմ։ Ձեռքս սեղմելով՝ ժպտալով ասաց.

- Մտքումս ասում էի՝ եթե առաջինը բարևի, հաստատ լավագույն ֆուտբոլիստ են տալու։

Կատակեցինք՝ անցավ, բայց ես լուրջ չընդունեցի նրա ասածը։ Ես գիտեի, որ կամ թեկնածուների մեջ, բայց չէի պատկերացնում, որ կհաղթեմ։

Հետո եղավ այդ պահը... Չեմ մոռանա՝ ես մեկ միավոր ավելին ունեի, քան Ռոբերտ Արզումանյանը, իսկ նա էլ իր հերթին մեկ միավորով առաջ էր անցել hավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանից։ Տարին վերջացավ... Իսկ հունվարից սկսեցի զանգեր ստանալ արտասահմանից։ Ակումբներ, գործակալներ... Գործակալ գտնելուց հետո նրանք ինձ առաջարկեցիմ տեղափոխվել Շվեդիա՝ ԳԱԻՍ ակումբ։ Մտածեցի, և ստանալով ակումբի համաձայնությունը՝ կարողացանք կազմակերպել տեղափոխությունը։

2008-ին Շվեդիան էի գրոհում... Լավ էր ամեն ինչ, խաղում էի թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։ Գոլեր, գոլային փոխանցումներ... Եղան նաև ձախողումներ հավաքականում։ Հետո՝ սխալ... Կարծում եմ՝ շրջադարձային էր դա... 2009-ին համաձայնեցի վարձակալության հիմունքներով տեղափոխվել Նորվեգիա՝ «Ֆրեդրիկստադ»... 2009-ը առաջին իսկ ամսից սկսեց փլուզվել։ Մինչև որ պայամանգիրս խզեցի նաև ԳԱԻՍ-ի հետ և վերադարձա Հայաստան։

Հետո՝ Պարսկաստան. Դա շոկ էր... Եվրոպայից դեպի պահապանողական և մուսուլմանական Իրան... Առաջին տարին ահավոր բարդ էր։ Չնայած՝ ֆուտբոլում հարցեր չունեի... Դիմացա, պայքարեցի... Հետո՝ բարձրագույն խումբ։ Իրանում ֆուտբոլը մի այլ կարգի այլ է (կխոսենք դրա մասին առանձին նյութով)։ 3 տարի՝ «Սանաթ Նավթ»-ում։ Անմոռանալի փորձ։ Մինչև հիմա երկրպագուները հիշում են... Ֆանտաստիկ տարիներ էին։ Գոլերով, հիշվող խաղերով ու ոչ ֆուտբոլային դրվագներով։

2012-ին վերադարձա հայրենիք։ Այդ ընթացքում արդեն դուրս էի մնացել հավաքականից այն պատճառաբանությամբ, որ Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականին խաղաոճս չի համապատասխանում։ 2011-ին Ռուսաստանի դեմ Պետերբուրգում խաղացի իմ վերջին խաղը։ 37 խաղ՝ 2 գոլ և մի քանի հիշվող խաղ. ահա այդքանը։ Երբ 2012-ին եկա Հայաստան, մի քանի ամիս անորոշ վիճակում մնալուց հետո օգոստոսին կապ հաստատեցի Արաման Սահակյանի հետ, ով Շիրակի նախագահն էր, և պայմանագիր կնքեցի։ 6-րդ չեմպիոնությունս... Նորից «Միկա»-ին խփած ֆանտաստիկ ու հիշվող գոլ... Ամեն ինչ հրաշալի էր, բայց, ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո չկարողացանք ընդանուր հայտարարի գալ ակումբի հետ, և ստիպված սկսեցի ակումբ որոնել։ Եղավ «Միկա»-ն, բայց մեկ շաբաթ անց նորից հայտնվեցի Շվեդիայում՝ «Ասիրիսկա»-ում։

Ես հոգնել էի... Ոչ թե ֆուտբոլից, այլ անվեջանալի տեղափոխություններից։ Եվ որոշեցի ինչ էլ լինի, պետք է կայուն կյանք վարել։ Արդեն մեծ էի ինձ համարում՝ ընտանիք, երեխաներ, դժվար էր տեղաշարժվելը։ Բայց նորից ստիպված էի ակումբ փոխել: Դա եղավ 2015-ին. «Արամեյիսկ Սիրյանսկա», և մեկ տարի անց՝ «Սոդերտելյե»... Անկայուն ակումբներ, որոնք ստիպեցին մտածել ֆուտբոլն ավարտելու մասին... Բայց էլի չէ։ Դեռ 33-ում տժցնում եմ։ Գտա ինձ համար ակումբ, որը պրոֆեսիոնալ է, որն ունի նպատակ, որը հաղթող է և ես ուրախ եմ, որ այսքան ոլոր-մոլոր ճանապարհներ անցնելուց հետո հայտնվել եմ «Լինշոպինգ»-ում, որն ինձ համար նոր մոտիվացիա ստեղծեց։ Ես նորից ֆուտբոլ եմ խաղում, ես նորից գոլեր եմ խփում, ես նորից հարձակվում եմ, արագություններ զարգացնում, դրիբլինգով անցնում մեկ, երկու, երեք պաշտպանների՝ «տեռորի» ենթարկելով դարպասապահին։

Ես խաղում եմ, որ հաղթեմ... Ֆուտբոլը հաղթողներին է սիրում։

Վերջում ուզում եմ նշել, որ այն, ինչ ունեմ, այն, ինչի հասել եմ, դա ֆուտբոլի շնորհիվ է։ Չկա ֆուտբոլ՝ չկամ ես։ Եվ հետևաբար՝ ես ֆուտբոլ եմ խաղում, որ ապրեմ...

Ֆուտբոլ խաղացեք... Կհանդիպենք...

Լևոն Պաչաջյան

2017.06.27

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: