Ուիմբլդոնի ամենադրամատիկ եզրափակիչը 9 տարեկան է

09 Հուլիսի 2017 22:02 Հեղինակ՝
Ուիմբլդոնի ամենադրամատիկ եզրափակիչը 9 տարեկան է

Թենիսի պատմության մեջ շատ են եղել այնպիսի իրադարձություններ և դեմքեր, որոնք ամբողջությամբ փոխել են այդ սպորտաձևի մասին պատկերացումները, և որոնց շնորհիվ փոխվել է հենց ինքը` թենիսը:

Ամերիկյան Tennis ամսագրի թղթակից և թենիսի վերլուծաբան Ստիվ Տինորը, ամփոփելով վերջին հիսուն տարվա մեջ տեղի ունեցած ամենակարևոր և շրջադարձային իրադարձությունները և հանդիպումները, գրում է. «2008թ.-ին «Ուիմբլդոնի» մրցաշարի եզրափակչը Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի մասնակցությամբ փոխեց սպորտի` նամանավանդ թենիսի շքեղության մասին մեր բոլոր պատկերացումները»:

Շատ քիչ հանդիպումներ կան, որոնց հանդիսատեսը սպասում է սրտատրոփ ու հետաքրքրությամբ, և դրանցից մեկը հենց 2008թ.-ի Նադալի և Ֆեդերերի մասնակվությամբ Ուիմբլդոնի եզրափակիչն էր, որը կայացավ հուլիսի 6-ին:

Համարյա երեք տարի շվեյցարացին զբաղեցնում էր վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ իսպանացին՝ երկրորդը: Այդ տարիներին Ռոջերն ու Ռաֆայելը բոլոր երկրպագուներին ու մասնագետներին ապացուցել էին, որ 21-րդ դարի առաջին տասնամյակը պատկանում է հենց իրենց: Այս երկու մարզիկների դիմակայությունը սպորտային աշխարհում դարձել էր ամենակարևոր իրադարձություններից մեկը: Բանն այն է, որ Ռոջերն ու Ռաֆայելը Ուիմբլդոնի նախորդ երկու եզրափակիչների մասնակիցներն էին: Այդ երկու հանդիպումներում էլ հաղթել էր արդեն աշխարհին ապացուցած լավագույն թենիսիստ Ֆեդերերը, բայց 2007թ.-ի եզրափակչում հինգ սեթանոց պայքարում իսպանացին ապացուցեց, որ արժանի մրցակից է:

Հաշվի առնելով նախորդ հանդիպումները՝ 2008թ.-ին շատերը հավատում էին, որ Ռաֆայելը կարող է իր հաջորդ քայլն անել և 1967թ-ից հետո դառնալ առաջին իսպանացին, ում կհաջողվի Բրիտանիայում տիտղոս նվաճել: Մեկ ամիս առաջ ավարտված «Ռոլան Գարոսի» եզրափակչում Նադալը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ Ռոջերին երեք սեթում տալով ընդհամենը չորս գեյմ:

Նրանք երկուսն էլ այս եզրափակչին մոտենում էին հատուկ մոտիվացված: Ֆեդերերը երազում էր 20-րդ դարի 80-ականներից հետո դառնալ առաջին թենիսիստը, ով կնվաճեր իր վեցերորդ անընդմեջ տիտղոսը Բրիտանիայում, ինչպես նաև ցանկանում էր կանխել իր 22-ամյա մրցակցին, ով այդ ժամանակ պատրաստ էր շրջանցել իրեն և դառնալ առաջին ռակետ:

Մեկ տարի առաջ Ուիմբլդոնում հաղթելով Նադալին՝ Ֆեդերերն ասաց. «Ես երջանիկ եմ այժմ, որովհետև կարող եմ հիանալ իմ հերթական տիտղոսով, քանի որ շուտով Նադալը կխլի այդ հնարավորությունն ինձանից»: Բայց այնուամենայնիվ նա ցանկանում էր հաղթել նաև հաջորդ տարի և իր անունը հավերժ թողնել թենիսի պատմության մեջ, մասնավորապես՝ Ուիմբլդոնում տարած վեց անընդմեջ հաղթանակով:

2008թ.-ին Փարիզում Նադալին պարտվելուց հետո Ֆեդերերը մոռացության մատնեց դա և մեկնեց Բրիտանիա, որտեղ մինչև եզրափակիչ գերազանց հանդես եկավ՝ չպարտվելով ոչ մի սեթ: Այդ նույն ժամանակ Նադալը փորձում էր մոռանալ Ուիմբլդոն-2007-ի ցավալի պարտությունը և առաջ շարժվել: Իսպանացու խոսքերով՝ այդ հանդիպումից հետո իրեն պարզապես «ոչնչացած» էր զգում: Ամենից շատ Ռաֆայելին հիասթափեցրել էր այն փաստը, որ հինգերորդ սեթում նա հնարավորություն ուներ հաղթելու, բայց չկարողացավ: «Եզրափակչից հետո ես հեկեկում էի: Գնացի հանդերձարան և գրեթե կես ժամ լացեցի: Ուղղակի չէի կարող զսպել հիասթափության արցունքներն ու շարունակում էի մեղադրել ինքս ինձ»: Պարտությունն այնքան ծանր էր, որ նրա հորեղբայր և մարզիչ Տոնի Նադալը, ում բոլորը համարում են աշխարհում ամենախիստ մարզիչը, չքննադատեց եղբորորդուն: Փոխարենը ոգեշնչեց Ռաֆայելին՝ ասելով. «Ամեն ինչ սրանով չի ավարտվում: Ուիմբլդոնը սպասում է քեզ, դեռ շատ եզրափակիչներում կխաղաս»:

Հանդիպման առաջին իսկ րոպեներից բոլորին պարզ դարձավ, թե ինչ մակարդակի և լարվածության եզրափակիչ է սպասվում: Երկուսն էլ անհավանական ջանասիրությամբ պայքարում էին տիտղոսի համար: Առաջին իսկ գնդակից նրանք մինչև վերջին ուժերը պայքարում էին ամեն մի միավորի համար: Մրցակիցները շարունակեցին իրենց պայքարը որոշ ընդմիջումներով այնքան ժամանակ, մինչև վերջին հարվածին` մեկնարկից 7 ժամ անց, Ռոջերը սխալվեց և Ռաֆայելը հայտնվեց խոտածածկին:

Այդ ամբողջ ընթացքում Ռոջերն ու Ռաֆայելը ժամանակակից ուժային թենիսի մաստեր կլաս անցկացրեցին:

Առաջին սեթի երրորդ գեյմում Նադալին հաջողվեց բրեյկ անել և առաջին սեթը ավարտել իր օգտին 6:4 հաշվով: Երկրորդ սեթում Ֆեդերերին հաջողվեց բրեյկ անել և 4:1 հաշվով առաջ անցնել մրցակցից, բայց իսպանացին արեց անհավանականը` հաղթեց հինգ գեյմ անընդմեջ և սեթն այս անգամ ևս 6:4 հաշվով ավարտեց իր օգտին: Եվ չնայած այս ամենին՝ Ֆեդերերին հաջողվեց պահել իր մատուցումը երրորդ սեթում, որից հետո 80 րոպեյով խաղն անձրևի պատճառով ընդհատվեց: Ընդմիջումից հետո Ռաֆայելը փորձում էր պահել իր առավելությունն ու հաղթել՝ ապացուցելով, որ կարող է հաղթել ցանկացած ծածկույթով կորտում, իսկ Ռոջերն արդեն համակերպվելով այն մտքին, որ ինքը միշտ համարվում է ֆավորիտ՝ փորձում էր հավերժ իր հետքը թողնել թենիսի պատմության մեջ:

Իսպանացին փորձում էր շուտ ավարտել հանդիպումը իր հաղթանակով, բայց շվեյցարացին շարունակ ու շարունակ հույսը դնում էր մատուցման վրա, որով միշտ հիցրել է երկրպագուներին: 4:5 հաշվի ժամանակ Ֆեդերերը զիջեց մրցակցին առաջին երկու խաղարկումները, բայց այնուամենայնիվ կարողացավ նաև այդ գեյմը պահել: Մի քանի րոպե անց նա թայ-բրեկում պարտվում էր 2:5 հաշվով, և չնայած դրան՝ կարողացավ առաջ անցնել իր անհավանական գեղեցիկ ձախից հարվածի (backhand) շնորհիվ: Եվ երբ չորրորդ սեթի թայ-բրեկում Ռոջերը հաղթեց 10:8 հաշվով, շատ երկրպագուներ հիշեցին ևս մեկ հիանալի եզրափակիչ, որը կայացել էր 1980թ.-ին: Այս նույն կորտում, նույնպես եզրափակիչում, մրցում էին Բյորն Բորգն ու Ջոն Մակինռոյը: Բայց շատերը սկսեցին կասկածել, որ Նադալին կհաջողվի կրկնել Բորգի հաջողությունը, ով պարտվեց չորրորդ սեթի թայ-բրեկում, բայց այնուամենայինիվ հաղթեց եզրափակչում:

Երբ խաղը հետաձգվեց անձրևի պատճառով, հանդերձարանում Ռաֆայելի հայրը` Սեբաստիան Նադալը համոզված էր, որ իր որդին դատապարտված է պարտվելու: Այդ ժամանակ հանդերձարան է մտնում հորեղբայրը Տոնին և ասում. «Լսիր, չնայած այն բանին, որ հաղթելու հավանականությունը շատ քիչ է, ամեն դեպքում պայքարիր մինչև վերջ, ամեն գնդակի համար»:

Հետագայում Ռաֆայելն իր ինքնակենսագրական գրքում գրում է. «Այդ ժամանակ հորեղբայրս սխալվում էր: Նա ճիշտ չէր հասկացել իմ ապրումները: Կարծում էր, որ մենք մնացել ենք 2007-ում: Ախր ես փոխել էի իմ հայացքներն ամեն ինչ հանդեպ: Նա պարզապես զարմացավ իմ պատասխանից, երբ ես ասացի. «Թուլացի՛ր, մի՛ անհանգստացիր, ինձ մոտ ամին ինչ կստացվի: Այս անգամ ե՛ս չեմ լինի պարտվողը»:

Մարզիկները կորտ վերադարձան երեկոյան՝ 20:00-ին: Այդ ժամին արդեն մութն ընկնում էր, տեսանելիությունը՝ դժվարանում: Ավելի ուշ Նադալն ասել է. «Ես գրեթե ոչինչ չէի տեսնում»: 7:7 հաշվի ժամանակ հանդիպման մրցավար Էնդրյուն հայտարարում է, որ մարզիկները կարող են ևս երկու գեյմ խաղարկել: Եվ այդ մի քանի խաղարկումները վերջնականապես զրկեցին Ֆեդերերին թենիսի պատմության հաղթական վերադարձը կերտելու հնարավորությունից. Նադալը բրեյկով առաջ անցավ, կարողացավ պահել իր մատուցումը և 21:17 րոպեին հայտնվեց խոտածածկին՝ հաղթական արցունքներով:

Այս դիմակայությունը համարվեց Ուիմբլդոնի ամենաերկար եզրափակիչը թայ-բրեքի խաղարկումից հետո՝ 4 ժամ 48 րոպե:

Նադալի հաղթանակով ընդհատվեց Ֆեդերերի հինգ անընդմեջ հաղթանակների շարքը և չանցած մեկ ամիս՝ Ռաֆայելն առաջին անգամ հայտնվեց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:

Այս ամենը թենիսիստների և բրիտանական մրցաշարի համար դարձան նշակետեր, սակայն ամենակարևորը` շրջադարձային՝ ամբողջ թենիսի պատմության համար:

Եզրափակիչն ուղիղ եթերով մեկնաբանում էր ամերիկացի նախկին թենիսիստ, Ուիմբլդոնի եռակի տիտղոսակիր (1981, 1983, 1984) Ջոն Մակինռոյը, ով հանդիպումից հետո բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է. «Սա իմ կյանքում տեսած լավագույն եզրափակիչն էր»: Մեկ այլ ամերիկացի՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 8-ակի տիտղոսակիր Անդրե Աղասին ասել է. «Ֆեդերերի և Նադալի գերիշխանությունը Մեծ թենիսում հարված է ամերիկյան թենիսին: Նրանք իսկական պատնեշ են ամերիկացի թենիսիստների համար: Այս տղաները բոլորովին այլ մակարդակի խաղ են ցուցադրում՝ անգերազանցելի»:

Հետաքրքիր փաստեր Ֆեդերեր – Նադալ անձնական հանդիպումներից

Իրենց կարիերայի ընթացքում, պրոֆեսիոնալ մրցաշարերում հանդիպել են 37 անգամ, 23 - 14՝ հօգուտ Նադալի, որից 9-ը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում, իսկ ընդանուր 23 եզրափակիչ (այս ցուցանիշով գերազանցել են նաև չեխ Իվան Լենդլի և ամերիկացի Ջոն Մակինռոյի ռեկորդը՝ 19 եզրափակիչ):

Հետաքրքրական է նաև այն, որ Ֆեդերերը տասը տարի շարունակ՝ 2007-2017թթ. Նադալին չէր հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և նրանք երբևէ չեն հանդիպել ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Ֆեդերերն իր 1000-րդ հանդիպումն անցկացրել է 31 տարեկանում՝ 2013 թվականի փետրվարի 13-ին՝ հաղթած և պարտված խաղերն այդ ժամանակ՝ 813-187:

Նադալն իր 1000-րդ հանդիպումն անցկացրել է 30 տարեկանում՝ 2017 թվականի մարտի 26-ին՝ հաղթած և պարտված խաղերն այդ ժամանակ՝ 822-178:

Այս տարի կայացած «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերում (Ավստրալիայի բաց առաջնություն և Ռոլան Գարոսի մրցաշար) Ֆեդերերը և Նադալը հերթականությամբ նվաճել են տիտղոսները: Առաջինն իր 18-րդը, իսկ երկրորդը՝ 15-րդը:

Այժմ երկուսն էլ մասնակցում են 2017 թվականի Ուիմբլդոնի մրցաշարին և արդեն 4-րդ փուլում են: Եթե կատարվի հազարավոր երկրպագուների երազանքը, ապա նրանք կարող են հանդիպել միայն եզրափակչում և թենիսի աշխարհը ևս մեկ անգամ ականատես կլինի այս երկու լեգենդների գեղեցիկ խաղին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: