Հետխորհրդային երկրների թոփ-10 ամենաթանկ տրանսֆերները

30 Հունիսի 2017 13:19
Հետխորհրդային երկրների թոփ-10 ամենաթանկ տրանսֆերները

Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի հուլիսի 4-ին Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաներ»-ը Մխիթարյանի տեղափոխության համար վճարեցին 42 միլիոն եվրո: Ընդ որում՝ հաղորդվում էր, որ նա շրջանցել է Անդրեյ Շևչենկոյին, ում տրանսֆերը «Միլան»-ը 40 միլիոն եվրոյով էր վաճառել «Չելսի»-ին: Ներկայացնում ենք նախկին Խորհրդային միության երկրները ներկայացնող 10 ամենաթանկ ֆուտբոլիստներին:

10. Կախա Կալաձե՝ Կիևի «Դինամո»-ից «Միլան»: Տրանսֆերի արժեքը՝ 16 միլիոն եվրո

Կախա Կալաձեն այսօր քաղաքական գործիչ է, ով Վրաստանի փոխվարչապետն ու էներգետիկայի նախարարն է: Սակայն մենք բոլորս Կալաձեին որպես Վրաստանի հավաքականի հիանալի պաշտպանի ենք հիշում, ով ֆուտբոլային աշխարհին հայտնի դարձավ շնորհիվ Կիևի «Դինամո»-ի կազմում ելույթների:

Այնժամ նա գրավեց իտալական «Միլան»-ի սկաուտների ուշադրությունը: «Ռոսոներիներ»-ի կազմը վրացին համալրեց XXI դարի հենց առաջին օրը՝ 2001 թվականի հունվարի մեկին, երբ բացվեց ձմեռային տրասնֆերային պատուհանը: Նրա տեղափոխության համար միլանցիները «Դինամո»-ին վճարեցին 16 միլիոն եվրո, ինչն այն տարիների համար մեծ գումար էր համարվում: Կալաձեն «Միլան»-ի հետ երկու անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, հաղթեց Ա Սերիայում ու 2010 թվականին տեղափոխվեց «Ջենոա», որտեղ էլ ավարտեց կարիերան:

9. Անդրեյ Արշավին՝ «Զենիթ»-ից «Արսենալ»: Տրանսֆերի արժեքը՝ 16,5 միլիոն եվրո

2009 թվականին Անդրեյ Արշավինը «Զենիթ»-ից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ» և այդ օրերին դարձավ Ռուսաստանի ամենահայտնի մարդկանցից մեկը, քանի որ բոլոր ԶԼՄ-ները նրա մասին էին խոսում:

Արշավինն ինքն էր ցանկանում տեղափոխվել Անգլիա: Պետերբուրգյան ակումբն իր հերթին մերժում էր Արսեն Վենգերի թիմի առաջարկները: Սակայն ֆրանսիացի մասնագետին այնքան էր տպավորել Եվրո-2008-ում Արշավինի ցուցադրած խաղը, որ նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե ռուս ֆուտբոլիստը միանար իր թիմին:

Արդյունքում ամեն ինչ որոշվեց ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում: «Զենիթ»-ը փոխզիջման գնաց և համաձայնվեց իր լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 16,5 միլիոն եվրոյով: Արշավինն այդ ժամանակ դարձավ «զինագործներ»-ի պատմության ամենաթանկ ձեռքբերումը: Անգլիական թիմի երկրպագուները սիրեցին նրան, իսկ մենք վերհիշենք «Էնֆիլդ»-ում «Լիվերպուլ»-ի դարպասը խփած նրա չորս գոլը:

Արշավինն «Արսենալ»-ից հետո վերադարձավ հարազատ «Զենիթ», հետո խաղաց «Կուբան»-ում, իսկ հիմա հանդես է գալիս ղազախական «Կայրաթ»-ում: Շատերը հենց նրան են համարում Ռուսաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստ:

8. Ալեքսանդր Գլեբ՝ «Արսենալ»-ից «Բարսելոնա»: Տրանսֆերի արժեքը՝ 17 միլիոն եվրո

Բելառուս կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը 2007/08 մրցաշրջանում հիանալի խաղաց «Արսենալ»-ի կազմում: Այնժամ նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել Եվրոպայի գրեթե բոլոր գերակումբները: Արդյունքում լավագույն գինն առաջարկեց «Բարսելոնա»-ն, որն իր առջև խնդիր ուներ Գլեբի տրանսֆերի համար պայքարում գերազանցել Մադրիդի «Ռեալ»-ին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 19 միլիոն եվրո, սակայն «զինագործներ»-ը ստիպված էին նվազեցնել այդ գումարը, որպեսզի մեկ տարի հետո նա անվճար չհեռանար թիմից: Կատալոնական ակումբը նրա տեղափոխության համար վճարեց 17 միլիոն եվրո:

«Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Գլեբին անընդհատ հետապնդող վնասվածքները նրան այդպես էլ թույլ չտվեցին ցուցադրել նախկին խաղը: Նա վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Շտուտգարտ», իսկ հետո հարազատ ԲԱՏԷ: Տարբեր ակումբներում հանդես գալուց հետո այսօր 36-ամյա Գլեբը խաղում է ռուսական «Կռիլյա Սովետով» ակումբում:

7. Ռոման Պավլյուչենկո՝ «Սպարտակ»-ից «Տոտենհեմ»: Տրանսֆերի արժեքը՝ 17,4 միլիոն եվրո

Ցանկի 7-րդ հորիզոնականում է ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, ով վերջերս միացավ Մոսկվայի «Արարատ»-ին: Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի փայլուն ելույթների գլխավոր «պատճառներից» մեկը նա էր:

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսը հիացած էր նրա ցուցադրած խաղով: Այնքան էր հիացած, որ նա լոնդոնյան ակումբի ղեկավարությանը համոզել էր Պավլյուչենկոյի տեղափոխության համար 14,7 միլիոն եվրո վճարել: 2012 թվականին Պավլյուչենկոն վերադարձավ Ռուսաստանի առաջնություն, բայց հարազատ «Սպարտակ»-ի փոխարեն արդեն «Լոկոմոտիվ»:

6. Սերգեյ Ռեբրով՝ Կիևի «Դինամո»-ից «Տոտենհեմ»: Տրանսֆերի արժեքը՝ 18 միլիոն եվրո

Վալերի Լոբանովսկու «Դինամո»-ն 1990-ականների վերջին փայլում էր: Ուկրաինական ակումբն այդ տարիներին հիանալի հարձակվողական զույգ ուներ՝ ի դեմս Անդրեյ Շևչենկոյի և Սերգեյ Ռեբրովի:

Ռեբրովն ավելի շատ հակված էր «Տոտենհեմ» տեղափոխությանը: Սակայն նա չկարողացավ անգլիական ակումբին այնքան օգտակար լինել, որքան «Դինամո»-ին: Շատերը դա կապում էին Անդրեյ Շևչենկոյի բացակայության հետ: Ռեբրովի տեղափոխության համար լոնդոնցիներն այնժամ վճարել էին 18 միլիոն եվրո: Անգլիայում ոչ այդքան հաջող ելույթներից հետո նա հասցրեց խաղալ «Ֆեներբահչե»-ում, «Վեսթ Հեմ»-ում, հարազատ «Դինամո»-ում և Կազանի «Ռուբին»-ում:

Հենց Կուրբան Բերդիևի գլխավորած թիմում էլ Ռեբրովն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու սկսեց զբաղվել մարզչական գործունեությամբ: 3 տարի գլխավորեց իր նախկին ակումբը՝ «Դինամո»-ն, որի հետ 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում դարձավ Ուկրաինայի առաջնության չեմպիոն: Այժմ նա գլխավորում է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբը:

5. Ալեքսանդր Կոկորին՝ Մոսկվայի «Դինամո»-ից «Անժի»: Տրանսֆերի արժեքը՝ 19 միլիոն եվրո

Այս ցուցակի ամենաանսպասելի անունը Ռուսաստանի հավաքականի և «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինինն է:

Մախաչկալայի «Անժի»-ն Սուլեյման Կերիմովի շնորհիվ սկսել էր իր նոր պատմությունը և աղմկահարույց տրանսֆերներ էր իրականացնում: 2012/13 մրցաշրջանում իրեն լավ դրսևորած Կոկորինը Մոսկվայի «Դինամո»-ից 19 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Անժի»:

Ճիշտ է՝ նոր ակումբի կազմում խաղալ նրան այդպես էլ չհաջողվեց ու տրանսֆերից մեկ ամիս անց «Անժի»-ի ֆինանսավորումը դադարեց: Այդժամ ռուսական թիմը սկսեց բաժանվել իր աստղերից: Կոկորինը նույն 19 միլիոն եվրոյի դիմաց վերադարձավ «Դինամո»: Այսօր նա «Զենիթ»-ի ֆուտբոլիստ է, բայց վերջին տարիներին նրան չի հաջողվում լավ խաղ ցուցադրել: 26-ամյա հարձակվողն անգամ չի հրավիրվում Ռուսաստանի հավաքական:

4. Յուրի Ժիրկով՝ ԲԿՄԱ-ից «Չելսի»: Տրանսֆերի արժեքը՝ 21 միլիոն եվրո

Յուրի Ժիրկովը «Եվրո-2008»-ում Ռուսաստանի հավաքականի կազմում հաջող մրցելույթներից հետո տեղափոխվեց «Չելսի»: Հայտնի էր, որ այդ տարիներին լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում էր իր թիմում տեսնել ռուս որակյալ ֆուտբոլիստի: Ընտրությունը եղավ ԲԿՄԱ-ի կիսապաշտպանի օգտին:

Սակայն Ժիրկովին չհաջողվեց հարմարվել Անգլիայի կյանքին: Մի կողմից, նրան խանգարում էին անընդհատ վնասվածքները, մյուս կողմից՝ ռուս ֆուտբոլիստն իր բնավորության պատճառով չէր կարողանում ամրապնդվել լոնդոնյան թիմի հիմնական կազմում: 2011-ին նա տեղափոխվեց «Անժի», հետո «Դինամո», իսկ այժմ պաշտպանում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի գույները:

3. Դմիտրի Չիգրինսկի՝ «Շախտյոր»-ից «Բարսելոնա»: Տրանսֆերի արժեքը՝ 25 միլիոն եվրո

Հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը բացում է ուկրաինացի պաշտպան Դմիտրի Չիգրինսկին: «Շախտյոր»-ի կազմում հաջող ելույթներից և ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճելուց հետո նա տեղափոխվեց «Բարսելոնա»: «Հանքափորներ»-ի լավագույն ֆուտբոլիստի տեղափոխության համար «կապտանռնագույններ»-ը վճարեցին 25 միլիոն եվրո: Սակայն Չիգրինսկու խաղը Գվարդիոլայի գլխավորած թիմում չէր ստացվում:

Մեկ տարի անց «Շախտյոր»-ը նրա տրանսֆերը 15 միլիոն եվրոյով հետ գնեց: Առաջին հայացքից՝ դա շահավետ գործարք էր դոնեցկյան ակումբի համար, սակայն Չիգրինսկին չկարողացավ օգտակար լինել Լուչեսկուի թիմին, չցուցադրեց նախկին խաղն ու արդյունքում անվճար տեղափոխվեց «Դնեպր»: Այժմ 31-ամյա խաղացողը հանդես է գալիս հունական ԱԵԿ-ում:

2. Հենրիխ Մխիթարյան՝ Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը՝ 42 միլիոն եվրո:

Հենրիխ Մխիթարյանը եթե անգամ «Մանչեսթեր Յունայթեդ» չտեղափոխվեր, այնուամենայնիվ, կհայտնվեր այս ցանկում, քանի որ նա 2013 թվականին «Շախտյոր»-ից 27,5 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Մխիթարյանը հետզհետե սկսեց ամրապնդվել Յուրգեն Կլոպի թիմում: 2015/16 մրցաշրջանում, երբ «Բորուսիա»-ն գլխավորեց Թոմաս Տուխելը, Մխիթարյանը սկսեց փայլուն խաղ ցուցադրել ու դարձավ Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ լավագույնը: Գերմանական ակումբին նա բացի խաղադաշտում օգուտ տալուց ֆինանսապես ևս օգտակար եղավ:

Հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերը «մեղուներ»-ը վաճառեցին 42 մլն. եվրոյով՝ վաստակելով 14,5 միլիոն: 2016/17 մրցաշրջանում նա աստիճանաբար ամրապնդվեց «Յունայթեդ»-ի հիմնական կազմում և իր գոլերով, գոլային փոխանցումներով և խաղով Ժոզե Մոուրինյոյի թիմին օգնեց նվաճել Եվրոպա լիգայի գավաթը: Մխիթարյանը դարձավ մանկունիանցիների առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

1. Անդրեյ Շևչենկո՝ «Միլան»-ից «Չելսի»: Տրանսֆերի արժեքը՝ 43,3 միլիոն եվրո:

Մխիթարյանին համարում են հետխորհդային երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը: Նշվում էր, որ 28-ամյա կիսապաշտպանը շրջանցել է Անդրեյ Շևչենկոյին, ում տեղափոխության համար «Չելսի»-ն 2006 թվականին 40 միլիոն եվրո է վճարել: Սակայն աղբյուրները տարբեր տվյալներ են հաղորդում, ու դրանցից գրեթե ոչ մեկը չի նշում, որ տրանսֆերի արժեքը 40 միլիոն եվրո է:

2006 թվականին «Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը և «Միլան»-ի այն տարիների լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Ռոման Աբրահամովիչի ակումբ: Անգլիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Շևայի տրանսֆերի համար «ազնվականներ»-ը 32,5 միլիոն ֆունտ ստերլինգ են վճարել: Ռուսաստանում նշում էին, որ ռուս օլիգարխի համար նրա տրանսֆերը 50 միլիոն եվրո է արժեցել: Ծանր վնասվածքի պատճառով նա «Չելսի»-ում իր տեղը զիջեց Դիդիե Դրոգբային և մի քանի անհաջող մրցաշրջաններից հետո նախ վարձակալական հիմունքներով վերադարձավ «Միլան», ապա տեղափոխվեց Կիևի «Դինամո», որտեղ էլ ավարտեց կարիերան: Միգուցե, եթե նա «Չելսի» չտեղափոխվեր, ապա էլ ավելի մեծ նվաճումների հասներ, բայց առանց այդ էլ կարելի է ասել, որ Շևչենկոն ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկն է:

Transfermarkt.de կայքը մասնագիտացած է տրանսֆերային շուկայում: Այդ կայքի հետ գործակցում են շատ ֆուտբոլային գործակալներ, և այն հաղորդում է ֆուտբոլիստների տրանսֆերների իրական արժեքներին առավելագույն մոտ թվեր: Transfermarkt-ը նշում է, որ Շևչենկոյի տրանսֆերի համար «Չելսի»-ն 43,3 միլիոն եվրո է վճարել: Դա ուկրաինացուն թույլ է տալիս առաջին տեղը զբաղեցնել մեր այս ցանկում:

Հովիկ Բերոյան

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: