«Ալաշկերտ» - ԲԱՏէ. Սպասում ենք և հավատում...

10 Հուլիսի 2017 18:29
«Ալաշկերտ» - ԲԱՏէ. Սպասում ենք և հավատում...

Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում մեր «Ալաշկերտ»-ի մրցակից բելառուսական ԲԱՏԷ-ն այն թիմն է, որը վերջին տարիներին իր մասին հասցրել է «հայտարարել» ամբողջ ֆուտբոլային Եվրոպային: Նախորդ 9 մրցաշրջանից 7-ում թիմը մասնակցել է Եվրագավաթների խմբային մրցաշարերին, որոնցից 5-ը՝ Չեմպիոնների Լիգայում: Ահա այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե որքան փորձառու է ԲԱՏԷ-ն՝ նույնիսկ «անտեսելով», որ ակումբը Բելառուսի 13-ակի չեմպիոն է, 3-ակի գավաթակիր ու 7-ակի Սուպերգավաթակիր:

Եվրագավաթային այս հաջողությունները թիմին ոչ միայն ֆինանսական մեծ եկամուտներ են ապահովել, որոնք նպաստել են Եվրոպական չափանիշերով գերազանց ակումբային ենթակառուցվածքներ հիմնելուն (նորակառույց «Բորիսով-Արենա»-ն համարվում է արևելյան Եվրոպայի լավագուն մարզադաշտերից մեկը), այլ նաև ամուր հիմքերի վրա կանգնել տրանսֆերային շուկայում: Այս ամենով հանդերձ՝ ակումբը հիմնականում շեշտը դնում է փորձառու և երիտասարդ, հեռանկարային բելառուս ֆուտբոլիստների վրա:

ԲԱՏԷ-ի այսօրվա կազմում մեծ թիվ են կազմում Բելառուսի հավաքականի թեկնածուները: Երիտասարդ դարպասապահ Դենիս Շչերբիցկին, պաշտպաններ Դենիս Պոլյակովը, Մաքսիմ Վոլոդկոն, կիսապաշտպաններ Միխայիլ Գորդեյչուկը, Ալեքսեյ Ռիոսը, Ստանիսլավ Դրագունը, Իգոր Ստասևիչը, Յուրի Կենդիշը և հարձակվողներ Վիտալի Ռոդիոնովն ու Նիկոլայ Սիգնևիչը իրավամբ համարվում են երկրի ազգային ընտրանու կորիզը: Վերհիշենք նաև, որ ժամանակին բելառուսական ֆուտբոլի առաջատարի կազմում հանդես են եկել Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Գոհարյանն ու Զավեն Բադոյանը: Վերջինն այժմ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ է և հնարավորություն ունի խաղադաշտ դուրս գալ իր նախկին թիմի դեմ:

«Ալաշկերտ»-ի հետ հանդիպումից առաջ ԲԱՏԷ-ն հուլիսի 7-ին Բելառուսի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում մրցակցի հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է «Նեման-Ագրո»-ին: Այս խաղին թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը երկրորդ կազմն է դուրս բերել խաղադաշտ՝ հանգստանալու հնարավորությունը տալով հիմնական ֆուտբոլիստներին:

Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա որքան սպասելի էր «Սանտա Կոլոմա»-ի արգելքի հաղթահարումը, նույնքան էլ ակնհայտ էր թիմի՝ «ավելացնելու» տեղն ու կարիքը, մանավանդ՝ նման մրցակցի հետ դիմակայությունից առաջ: Բոլորս էլ հստակ գիտակցում ենք, որ խաղամակարդակների առումով ԲԱՏԷ-ի ու անդորրացի «կիսապրոֆեսիոնալներ»-ի միջև ֆուտբոլային անդունդ է: Բայց միևնույն ժամանակ «Ալաշկերտ»-ը նախորդ մրցաշրջաններում՝ նույն «Կայրաթ»-ի, Թբիլիսիի «Դինամո»-ի հետ խաղերում, ապացուցել է, որ եթե ֆուտբոլիստների փորձին, մեծ ցանկությանն ու վարպետությանը մի քիչ էլ բախտի գործոնն ավելանա, ապա ամեն ինչ հնարավոր է: Եվ այս անգամ արդեն Չեմպիոնների Լիգայի 3-րդ խմբային փուլում հայտնվելու՝ հայկական ակումբների՝ մինչ օրս անհասանելի Ռուբիկոնը կլինի հաղթահարված: Սպասում ենք և հավատում...

Ս.Բ.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: