Լեգենդը հեռացավ պարտված. Բոլտի ֆենոմենն ու կարեիրայի վերջին պարտությունը

16 Օգոստոսի 2017 18:40
Լեգենդը հեռացավ պարտված. Բոլտի ֆենոմենն ու կարեիրայի վերջին պարտությունը

Աշխարհում շատ քիչ մարզիկներ կան, որոնց կարող ենք ասել՝ տարբեր տարիների Օլիմպիական խաղերի բազմակի ոսկե մեդալակիր, աշխարհ առաջնության բազմակի հաղթող: Ճամայկացի թեթևատլետ, վազորդ Ուսեյն Բոլտը հենց այդ հազվագյուտ մարզիկներից է՝ կենդանի լեգենդ՝ ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև ամբողջ աշխարհում
Ուսեյն Բոլտը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 21-ին Ճամայկայի հարավում գտնվող Տրելոնի շրջանի Շերվուդ-Կոնտենտ փոքրիկ գյուղում՝ Ուեսլի և Ջենիֆեր Բոլտերի ընտանիքում, ովքեր ունեին փոքրիկ մթերային խանութ: Ուսեյնը նաև քույր և եղբայր ունի հոր՝ Ուեսլի Բոլտի առաջին ամուսնությունից:

Բոլտը միակ մարզիկն է, ում հաջողվել է 100 և 200 մետր մրցատարածություններում հաղթանակ տոնել երեք Օլիմպիադաներում անընդմեջ (Պեկին 2008, Լոնդոն 2012, Ռիո դե Ժանեյրո 2016):

Օլիմպիական խաղերի՝ 8-ակի, իսկ աշխարհի առաջնության 11-ակի չեմպիոն է: Իր ելույթների տարիներին 8 համաշխարհային ռեկորդ է սահմանել (100մ ` 9,58 վրկ և 200մ` 19,19 վրկ), ինչպես նաև Ճամայկայի հավաքականի կազմում 4x100մ մրցատարածությունում գրանցել է 36,84 վրկ արդյունք: Ավելի արագ նշված մրցատարածությունները դեռևս ոչ ոքի չի հաջողվել անցնել: Այս պահին Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների թվով թեթևատլետների մեջ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Աշխարհում առաջին թեթևատլետն է, ով աշխարհի առաջնություններում 11 ոսկե մեդալ է նվաճել: Եվ վերջապես՝ Ճամայկայի պատմության մեջ ամենաշատ Օլիմպիական ոսկի նվաճած մարզիկը:

Մանկության տարիներին Ուսեյնը սիրել է զբաղվել կրիկետով: Եվ հենց այդ սիրողական մրցումների ժամանակ էլ նրա արագությունը նկատել է թեթև աթլետիկայի մարզիչն ու նրան հորդորել զբաղվել վազքով:

2001 թվականին Ճամայկայի դպրոցականների վազքի մրցումներում նա նվաճում է իր առաջին մեդալը՝ 200 մետր մրցատարածությունում գրանցելով 22,04 վրկ արդյունք ու զբաղեցնում 2-րդ հորիզոնականը:

2003 թվականին նա նորից մասնակցում է Ճամայկայի մինչև 19 տարեկան դպրոցականների մրցումներին և հաղթում՝ 200մ – 20,25վրկ, իսկ 400մ – 45,3 վրկ արդյունքով և Ճամայկայի պատմության մեջ սահմանում նոր ռեկորդ:

Նույն տարում մասնակցում է Պանամերիկյան պատանեկան մրցաշարին ու սահմանում նոր ռեկորդ 200 և 400 մետր մրցատարածություններում:

2004 թվականին մարզչին փոխելուց հետո Բոլտի մոտ սկսվում է վնասվածքների շարք, որոնց պատճառով մարզիկը հրաժարվում է մասնակցել աշխարհի պատանեկան առաջնությանն, իսկ այնուհետ պարտություն կրում Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի որակավորման փուլում:

2005 թվականին նա խզում է կապերը մարզչի հետ և նոր համագործակցություն սկսում Գլեն Միլսի հետ, որն առաջնային խնդիր է համարում Բոլտի հիվանդությունն ու սկսում հետազոտությունների նոր շարք: Դրանց արդյունքում պարզվում է, որ Բոլտի մոտ առկա է սկոլիոզ, և որ նրա աջ ոտքը 1,3 սմ-ով կարճ է ձախից: Վերականգնողական ամբողջ փուլը Բոլտն անցնում է Գերմանիայի հավաքականի գլխավոր բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլլեր Վոլֆարտի վերահսկողության ներքո:

Մրցասպարեզ վերադառնալուց անմիջապես հետո Բոլտը դառնում է Կենտրոնական Ամերիկայի և Ճամայկայի՝ 200մ մրցատարածության հաղթող՝ երկուսում էլ սահմանելով ռեկորդ:
Համաշխարհային առաջին ռեկորդը Բոլտը սահմանել է 2008 թվականին (100 մ – 9,72 վրկ)` գերազանցելով Ասաֆա Պաուելի ռեկորդը: Հաջորդ՝ 2009 թվականին նա գերազանցում է իր իսկ սահմանած ռեկորդն ու այս անգամ 100 մ մրցատարածությունն անցնում 9,58 վրկ-ում, որը մինչ օրս դեռ անգերազանցելի է:

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում 100մ մրցատարածությունում նոր ռեկորդ է սահմանում՝ 9,69 վրկ, և նվաճում իր առաջին օլիմպիական ոսկին, որին մի քանի օրից հաջորդում է նոր ռեկորդ. 200 մ մրցատարածությունն անցնում է 19,30 վրկ-ում: Հաջորդ օրը՝ իր ծննդյան 22-րդ տարեդարձին, նվաճում է արդեն երրորդ Օլիմպիական ոսկին, այս անգամ 4x100մ մրցատարածությունն իր հայրենակիցների հետ անցնելով ընդամենը 37,10 վրկ-ում՝ սահմանելով օլիմպիական ու համաշխարհային նոր ռեկորդ:

Հաջորդ չորս տարիները ևս նրա համար հաղթական էին: Բոլտը գերազանցում էր սեփական ռեկորդներն ու առաջ շարժվում: Սակայն եղան նաև անհաջողություններ: 2011 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նա որակազրկվում է ֆալստարտի պատճառով (կեղծ մեկնարկ): Աշխարհի չեմպիոնի տիտղոսն այդ տարի նվաճում է նրա հայրենակից Յոհան Բլեկը՝ 9,92 վրկ արդյունքով:

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Բոլտը կրկնում է նախորդ Օլիմպիադայի հաջողություններն ու ոսկե մեդալ նվաճում բոլոր երեք մրցատարածություններում՝ 100, 200 և 4x100մ:
2014 թվականն անցնում է վնասվածքներից ապաքինվելով, որոնք ստացել էր նույն տարվա մարտ ամսին: Անգամ 2015 թվականին Պեկինում անցկացվող աշխարհի առաջնության ժամանկ նա հանդես է գալիս զգուշությամբ:

Հենց այդ ժամանակ էլ լեգենդար մարզիկը հայտարարեց, որ մտադիր է ավարտել կարիերան 2017 թվականի աշխարհի առաջնությունից հետո:
Իսկ այս օրերին մարզաշխարհը քննարկում է աշխարհի առաջնությունում Բոլտի սիրելի 100 մ մրցատարածությունում կրած պարտությունը, ով զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ (9,95 վրկ): Ոսկե մեդալը բաժին հասավ ողջ կարիերայի ընթացքում Բոլտին հետապնդող ամերիկացի Ջաթտին Գետլինին՝ 9,92վրկ, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց մեկ այլ ամերիկացի՝ Քրիստիան Կոլեմանը ՝ 9,94վրկ արդյուքով:

Ուսեյն Բոլտի ֆենոմենն ուսումնասիրել են գենետիկներն ու աստղաֆիզիկները: Ամերիակցի մարզիչ Լորենա Սիգրոուվայի կարծիքով՝ Բոլտի ֆենոմենի մեջ մեծ դեր ունի նրա գենետիկան: Վազորդի նախնիները եղել են ստրուկներ, որոնք բերվել են արևմտյան Աֆրիկայից՝ բնիկներ, որոնք միշտ աչքի են ընկել իրենց արագությամբ ու ուժով:
Աշխարհի ամենաարագ մարդու կարիերայի վերջին ելույթը կայացավ օգոստոսի 12-ին, երբ նա 4x100մ մրցավազքում վայր ընկավ և չկարողացավ հատել վերջնագիծը:

Սեդա Բադալյան

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: