Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է. Գոռ Երիցյան

12 Օգոստոսի 2017 11:44
Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է. Գոռ Երիցյան

Բռնցքամարատի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանն օրեր առաջ 2-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին և տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը:

«Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելը արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում: Ֆիզիկապես և տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է առանց պարտությունների»:

«Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Ներկայումս հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»,- Գոռ Երիցյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: